Դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի է ունենում «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը:
Նպատակն է ներկայացնել և քննարկել անցումային շրջանում իրականացված ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների փորձը և ընդհանրացված արդյունքները, Հավատարմագրման հանձնաժողովի կողմից որոշումների կայացման մոտեցումը, հավատարմագրման գործընթացների արդյունքում վերհանված միջազգայնացման և հետազոտության իրականացման խնդիրները, ինչպես նաև անցումը ծրագրային հավատարմագրման գործընթացին:
Նշված հարցերին անդրադառնում են հավատարմագրման գործընթացին մասնակից տեղացի և միջազգային փորձագետները, Հավատարմագրման հանձնաժողովի անդամները, ՈԱԱԿ-ի աշխատակիցները, դասախոսներն ու ուսանողները:
Համաժողովի առաջին օրը նվիրված էր ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում բացահայտված խնդիրներին և լուծման ուղիներին: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկույց ներկայացրեց «Որակի ապահովումը որպես փոփոխությունների կառավարում» թեմայով:
Համաժողովի երկրորդ օրը կքննարկվեն ծրագրային հավատարմագրման մոտեցումներն ու խնդիրները, կներկայացվի ծրագրային հավատարմագրման ՈԱԱԿ-ի փորձը, ծրագրային հավատարմագրման կազմակերպման առանձնահատկությունները, ինստիտուցիոնալ որակի ապահովումը կրթական ծրագրի վերլուծության միջոցով, ինչպես նաև ծրագրային հավատարմագրման ֆինանսական քաղաքականությունը:
Այնուհետև արտասահմանյան փորձագետները կներկայացնեն ծրագրային հավատարմագրման գործընթացքում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման միջազգային փորձը: